I. Կարդա Հիսուսի երեք առակները, ընտրիր դրանցից մեկը և կատարիր առաջադրանքները:
1. Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ: Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա: Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին: Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս: Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»: Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»: Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին: Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ: Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:
2. Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդ առաջ փեսայի եւ հարսին: Հինգն ի նոցանէ յիմարք էին՝ եւ հինգն իմաստունք: Յիմարքն առին զլապտերսն, եւ ձէթ ընդ իւրեանս ոչ բարձին: Իսկ իմաստունքն առին եւ ձէթ ամանաւք ընդ լապտերս իւրեանց: Եւ ի յամել փեսային, նիրհեցին ամենեքեան եւ ի քուն մտին: Եւ ի մէջ գիշերի եղեւ բարբառ. «Ահա փեսայ գայ, արիք ընդ առաջ նորա»: Յայնժամ յարեան ամենայն կուսանքն, եւ կազմեցին զլապտերս իւրեանց: Ասեն յիմարքն ցիմաստունսն. «Տուք մեզ յիւղոյդ ձերմէ, զի ահա՝ շիջանին լապտերքս մեր»: Պատասխանի ետուն իմաստունքն եւ ասեն. «Գուցէ ոչ իցէ մեզ եւ ձեզ բաւական, այլ երթայք ի վաճառականս՝ եւ գնեսջիք ձեզ»: Իբրեւ նոքա գնացին գնել՝ եւ եկն փեսայն եւ պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն՝ եւ փակեցաւ դուռնն: Յետոյ՝ գան եւ այլ կուսանքն՝ եւ ասեն. «Տէ՛ր, Տէ՛ր՝ բա՛ց մեզ»: Նա պատասխանի ետ եւ ասէ. «Ամէն ասեմ ձեզ, թէ ոչ գիտեմ զձեզ: Արթուն կացէք՝ զի ոչ գիտէք զաւրն եւ ոչ զժամ»:
3. Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել: Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա: Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին, եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ: Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ: Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:
Առաջադրանքներ.
* Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
Պտղոյ- պտղո
Տնկեաց- տնկեց
Իւր-յուր
Զնա- ըզնա
* Փոխադրիր տեքստը աշխարհաբար:
«Մի տանուտեր կար, որ այգի տնկեց և այն ցանկապատեց, ու նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց. ապա այն վարձու տվեց մշակներին և գնաց հեռու երկիր: Երբ պտղի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մոտ, որպեսզի բերքից իր բաժինն առնեն: Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով` մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին քարկոծեցին: Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց` թվով ավելի, քան առաջինները: Եվ սրանց էլ նույնն արեցին: Հետո նրանց մեջ ուղարկեց իր որդուն ու ասաց` թերևս իմ այս որդուց ամաչեն: Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին` սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությունը մենք սեփականացնենք: Եվ նրան բռնեցին, հանեցին այգուց դուրս և սպանեցին: Արդ, երբ այգու տերը գա, այդ մշակներին ի՞նչ կանի: …Չարերին չարաչար կոչնչացնի և այգին կտա այլ մշակներին, որոնք նրան կտան պտուղներն իրենց ժամանակին»:
* Մեկնաբանիր ընտրածդ առակը:
Առակում ասվում է,որ այսուհետ մենք ենք կազմում Աստծու այգին, մեզ համար է հոգ տանում Տերը, որպեսզի պտուղ տանք` Տիրոջ պատվիրանների համաձայն աստվածահաճո կյանքով ապրենք: Եվ Աստված է նշանակում մշակներին` մեր հոգևոր հովիվներին, որոնց առաջնորդությամբ պետք է ջանանք Նրա կամքը կատարել և խուսափել հատուցումից, որին արժանացան չար մշակները:
* Փորձիր գեղեցիկ և անսխալ կարդալ առակը, ձայնագրիր:
II. Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ:
«Խնդրանք իմաստության», «Առավոտյան աղոթք», «Աղոթք ճաշից առաջ», «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»
1. «Առավոտյան աղոթք», Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:
2. «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ» Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:
3. «Խնդրանք իմաստության» Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:
4. «Աղոթք ճաշից առաջ», Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:
III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.
* Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:
* Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:
* Ընթերցիր, ձայնագրիր աղոթքը: