Պարույր Սևակ

Կենսագրություն


Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

ԿՅԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սևակ (Ղազարյան) Պարույր Ռաֆայելի (1924-1971), հայ մեծ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր: Ծնվել է 1924թ. հունվարի 24-ին (որոշ տվյալներով 26-ին) Չանախչի, այժմ` ՀՀ Արարատի մարզի Զագակատուն Գյուղում: 
1945-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:
1945-1946թթ աշխատել է «Ավանգարդ»-ում:
1945-1949թթ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում:
1949-1951թթ «Գրական թերթի» խմբագրությունում` որպես պոեզիայի բաժնի վարիչ:
1951-1956թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում:
1955-1959թթ դասախոսել է նույն ինստիտուտում: 1963թ-ից ավագ գիտաշխատող էր ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:
1966-1971թթ եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, ԽՍՀՄ VII գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ:
1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:
Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները:
1971թ. հունիսի 17-ին զոհվել է ավտովթարից և թաղված է հայրենի գյուղում:


ՍԵՐԸ

1. 
Նա գալիս է մի՛շտ էլ ճամփաներով անհա՛յտ չքարտեզագրված,
Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի։
 
-Սերն է։
 
Հոլանդացիք ծովի՛ց, ամենազո՜ր ծովից
Հող են հափշտակում,
Խլում պատա՜ռ-պատա՜ռ, նշխա՛ր-նշխա՛ր։
 
-Սերն է։
 
Երբ վիթխարի նավը մոտենում է դանդաղ
Նավարկելի գետի ցածըր կամուրջներին,
Սրանք թևերն իրենց վե՛ր են տնկում,
Իսկույն անձնատուր են լինում կարծես։
 
-Սերն է…
 
2. 
Հետըդ զրուցողին պատասխան ես տալիս՝
Խելոք, կարգին-սարքին մեքենայի նման,
Մինչդեռ մտքով, անվե՜րջ, նրա՛ հետ ես խոսում,
Ով հեռու է քեզնից,
Լոկ անունն է քեզ մոտ,
Իբրև մի անձնագիր, որ... չի կնքված։
 
-Սերն է։
 
Քներակիդ զարկը կաթոցքի է նման,
Ա՛յն կաթոցքի, որ (ճի՜շտ) քար է ծակում։
Անքնությունն անվերջ հյուսում է ցանց մի խիտ,
Որով ձո՛ւկ չեն որսում,
Խեղդում են մա՜րդ։
 
-Սերն է։
 
Քնքշացել ես այնքա՜ն
Ու խոցելի՛ դարձել,
Կարծես թե ապրում ես առանց մաշկի։
 
-Սերն է։
 
Երկու աչքեր, անվե՜րջ, հետապնդում են քեզ,
Երկու աչքեր, ասես մի զույգ դրոշմ,
Իրենց անջնջելի տիպն են դնում
Կյանքի՛դ, խմած ջրի՛դ, ողջ աշխարհի՛
Եվ մինչևիսկ արյան գնդիկների՛դ վրա,-
Երկու աչքեր՝
Դրո՛շմ,
Կնի՛ք,
Խարա՜ն...
 
-Սերն է...


ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ

Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն...
 
Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
Դու նու՛յն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նու՛յն հանգստարար մատներն ես զգում.
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրև մի... Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու և կրքի.
Քանզի նշանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում...
 
Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն...


ՄԻ ՊԱՀ ԶՂՋՈՒՄ ԵՄ

Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի, 
Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի։ 
 
Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին 
Քանի՜- քանի՜սը կյանքում - ե՛ս էլի գիժ մնացի։
 
Ով հանդիպեց՝ ստացավ մի թաս գինի ինձանից, 
Լոկ ես գինի չըմպեցի իմ սեփական հնձանից։ 
 
Ի՞նչ եմ եղել ողջ կյանքում՝ հարսանքավոր ու քավոր,
Մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր։ 
 
Վստահեցին ոմանք ինձ - հոգիս դարձավ գաղտնարան, 
Վստահեցի շատերին - գաղտնիքս առան ու տարան։ 
 
Ու զղջում եմ ես մի պահ. սեր ու բարիք եմ ցրել, 
Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը՝ վաճառել… 


Комментариев нет:

Отправить комментарий